AM RU

14 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ, ԿՈՒՅՍ ՉԵՄ. ԱՆԱՍՆԱՊԱՀԸ «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԱՅԳՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԵՌԱՀԱՍ ԱՂՋԿԱ ՀԵՏ

loading...

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վահե Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Վահեին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, լինելով 21 տարին բոլորած անձ, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած՝ դեպքի պահին 14 տարեկան աղջկա հետ:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ի սահմաններում Վահեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հանդիպել է 14 տարեկան Թերեզային (անունը փոխված է): Նրանք գնացել են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Վահեն սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Թերեզայի հետ:

Ամբաստանյալ Վահե Ս.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ Թերեզայի հետ ծանոթացել է դեպքից մեկ ամիս առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին՝ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Հետագա շփումը շարունակել են հեռախոսով: Շփվելու ընթացքում, ըստ Վահեի, Թերեզան ներկայացել է որպես 17 տարեկան: Նա պատմել է, որ ապրում է տատիկի հետ, մայրը գտնվում է Ռուսաստանում:

Թերեզան իրեն նախապես ասել է, որ կույս չէ:

Հետագայում իրենք փոխանակվել են լուսանկարներով: Ապա պայմանավորվել են հանդիպել:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում ինքն ու Թերեզան հանդիպել են «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ: Քայլել ու զրուցել են: Ինքն առաջարկել է գնալ «Հաղթանակ» զբոսայգի:

Թերեզան համաձայնել է: Երթուղայինով գնացել են այգի: Զբոսնել են, պաղպաղակ են կերել, հյութ են խմել:

Որոշ ժամանակ զբոսնելուց հետո առանձնացել են մի ծառաշատ վայրում: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Հետո Թերեզայի խնդրանքով ինքը նրան ուղեկցել է «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից Թերեզան նստել է երթուղային: Նա ասել է, թե գնում է խորթ եղբոր մոտ:

Երեկոյան ինքը զանգել է Թերեզային, վերջինս ասել է, թե ամեն բան նորմալ է, իրեն դիմավորել են: Հետագայում ինքն իմացել է, որ Թերեզան կորել է:

Ամբաստանյալ Վահեն պնդել է, որ Թերեզայի հետ շփվելիս չի իմացել, որ նա 14 տարեկան է:

Անչափահաս տուժող Թերեզան դատարանում հայտնել է, որ Վահեի հետ ծանոթացել է 2016 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Վահեն ներկայացել էր Նարեկ անունով:

Իր կայքում նշված է, որ ինքը 14 տարեկան է: Ինքը Վահեի հետ շփվել է նաև հեռախոսով: Նրան հեռախոսով էլ է հայտնել, որ 14 տարին 2 օր առաջ է լրացել: Ասել է նաև, որ ինքը կույս չէ:

Հոկտեմբերի 1-ին Վահեն ասել է, թե հաջորդ օրը գալու է Երևան: Պայմանավորվել են, որ հանդիպեն:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ին, երբ տատիկն աշխատանքի է գնացել, ինքը դուրս է եկել տանից, եկել է Երևան՝ Վահեի հետ հանդիպելու: Հանդիպել են կայարանում: Զբոսնել են, հետո Վահեն առաջարկել է այգի գնալ:

Երթուղայինով գնացել են «Հաղթանակի» այգի: Իր տված գումարով Վահեն պաղպաղակ ու հյութ է գնել: Այնուհետև նա առաջարկել է առանձնանալ: Գնացել են մի ամայի վայր, նստել են խոտերին: Վահեն համբուրել է իրեն, հանել է իր շորերը, ու փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Դա տևել է մոտ երեսուն րոպե:

Հետո հագնվել են, դուրս են եկել այգուց: Ինքը չի ցանկացել տուն վերադառնալ՝ մտածելով, որ իր բացակայության պատճառով վրան կբարկանան:

Որոշել է գնալ ծանոթի տուն: Վահեն ավտոկայանից իրեն նստեցրել է երթուղային: Ինքը մեկնել է ծանոթ տղայի մոտ, նրա հետ անցկացրել է 4 օր, ինչից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին եկել է Երևան ու «Սասունցի Դավիթ» կայարանում հանդիպել է իր մայրիկին: Որպեսզի մայրը չզայրանա իր վրա, նրան պատմել է, իբր՝ իրեն բռնաբարել են: Բայց հետո հասկացել է իր սխալը ու պատմել է իրականությունը:

Թերեզան պնդել է, որ իրենց հանդիպման ժամանակ Վահեն իրեն նույնիսկ հարցրել է՝ իրո՞ք՝ 14 տարեկան ես, ինքն ասել է՝ հա:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Թերեզայի կուսաթաղանթը խախտված է, ելնելով այդ խախտման մեծ վաղեմությունից խախտման կոնկրետ ժամանակը հնարավոր չէ նշել…

Դատարանը հետազոտել է ապացույց ճանաչված, «Օդնոկլասնիկի» կայքում Թերեզայի օգտագործած անձնական երկու էջերը, որոնցում նշված էր, որ նա 14 տարեկան է: Էջերում տեղադրված էին աղջկա իրական լուսանկարները:

30-ամյա Վահե Ս.-ն մեղավոր է ճանաչվել 16 տարին չբոլորած՝ իր համար ակնհայտ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վահեն դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Վահե Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալ Վահե Ս.-ն: Նա նշել է, թե առաջին ատյանի դատարանը չի կատարել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ապացույցները ճիշտ չի գնահատել, հիմնվել է միայն մեղադրանքի կողմի ներկայացրած «հորինված, թերի» ապացույցների վրա, արդյունքում թույլ է տվել դատական սխալ՝ կայացնելով մեղադրական դատավճիռ:

Վահե Ս.-ն բողոքել է, որ առաջին ատյանի դատարանը «բացարձակ հաշվի չի առել իր ցուցմունքը, այն, որ ինքը չի իմացել տուժողի իրական տարիքը՝ աղջկա արտաքին տեսքն ու ֆիզիոլոգիական հատկությունները չեն համապատասխանել նրա տարիքին:

Դատարանը հաշվի չի առել նաև մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ: Ինքը բնութագրվում է դրական, համատեղ բնակվում է վատառողջ հոր, մոր, եղբոր հետ: Ինքն է տան միակ աշխատողը, բոլորի խնամակալը: Երբևէ դատապարտված չի եղել: Շատ սիրված ու հարգված է հարևանների ու բարեկամների կողմից, «հանգիստ, պարկեշտ տղա է», իրենց համայնքի ղեկավարը երաշխավորել է, որ ինքը երբեք չի բացակայել ու չի բացակայելու համայնքից:

2011 թվականին ինքը տուժել է ավտովթարից, ստացել է գանգոսկրի կոտրվածքներ: Ընտանիքն անապահով է, անասնապահությամբ զբաղվելով՝ մի կերպ է ծայրը ծայրին հասցնում… Իրեն ազատությունից զրկելը ծանր վիճակի մեջ կգցի ամբողջ ընտանիքը: Ամբաստանյալը խնդրել է, որ դատարանը հաշվի առնի՝ ինքը միտումնավոր ոչ մի անօրինական քայլ չի կատարել, մինչդեռ իր նկատմամբ նշանակվել է անարդարացի խիստ պատիժ:

Վահե Ս.-ն խնդրել է բեկանել մեղադրական դատավճիռը, հանցադեպի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել իր քրեական հետապնդումը: Իսկ եթե վերաքննիչ դատարանը եզրակացնի, որ մեղադրական դատավճիռը արդարացի է, ապա Վահեն խնդրել է այն բեկանել ու փոփոխել պատժի մասով՝ մեղմացնել պատիժը և այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Տուժող աղջկա ներկայացուցիչը վերաքննիչ բողոքի պատասխանում չի առարկել վերաքննիչ բողոքի դեմ, նշել է, թե Վահե Ս.-ի նկատմամբ դատարանը «խիստ մոտեցում է ցուցաբերել»: Ինքը տեղեկացված է նրա ընտանիքի անդամների կարգավիճակին, ընտանիքի ծանր պայմաններին: Վահե Ս.-ից պարտքուպահանջ չունի:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վահե Ս.-ի վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ անփոփոխ թողնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի իրական ազատազրկումով:

data-ad-slot="‎9395042247">
x