AM RU

Մառախուղներ, բարձր խոնավություն, ձյան տեղումներ. դեկտեմբերի կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը

loading...

Դեկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9 աստիճան: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ եւ ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5...-11 աստիճան:

Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984 թ.) հյուսիս-արեւելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն):

Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987 թթ., 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչեւ 14... -15 աստիճան, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32 աստիճան: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -40 աստիճան (Պաղակն) 1948 թ.:

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32 աստիճան (Արարատ), ցերեկը -16 աստիճան, Երեւանում` -28 աստիճան: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -27 աստիճան (1953 թ.):

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ., այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+22 աստիճան (Երեւան, Արտաշատ, Արմավիր), արեւելքում` +24…+26 աստիճան (Շնող, Բագրատաշեն, Կապան):

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% եւ ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38 մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչեւ 20 մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում եւ հարավ-արեւելքում: Սեւանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ., երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ., երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արեւելյան եւ հարավ արեւելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին եւ երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում եւ լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչեւ 18-20 մ/վ, պոռթկումները` 23 մ/վ:

Արեւափայլի տեւողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում եւ Շիրակում:

data-ad-slot="‎9395042247">
x